Ամենայն հավանականությամբ վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որ իրենց փաստացի ինքնամեկուսացումը շարունակեն տանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նոր քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուս, բայց նրանք փաստացի բուժօգնության կարիք չեն ունենա, նրանք չեն հոսպիտալացվի և կմնան տանը։ Արդեն երրորդ օրն է ինտենսիվ հեռավար դասընթացներ են ընթանում առողջության առաջնային պահպանման օղակների բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների, որպեսզի այդ ամենը չլինի քաոսային, այլ լինի կազմակերպված և նախարարի հատուկ հրամանով հաստատված կարգով։ Հիմա էլ տեսնում ենք, երբ ասիմպտոմ իրավիճակը դառնում է սիմպտոմատիկ։ Այսինքն` քաղաքացին հնարավոր է նաև ինչ-որ փուլում ունենա բուժօգնության կարիք, որպեսզի այդ բուժօգնության կարիքի բացահայտումը բաց չթողնենք»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին տուն ուղարկելով, չեն զրկում բժշկական օգնությունից, այլ փոխում են ռազմավարությունը։