Լինի Հայաստանը, Բելառուսը, թե մեկ այլ երկիր, յուրաքանչյուր պետության քաղաքական ղեկավարություն տարբեր բանակցությունների ընթացքում սպասարկում է իր ազգային, պետական շահերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել էր գազի գնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի հարցադրումներին՝ նշելով, որ ԵԱՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է, այդ մեխանիզմի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա, ինչը հիմա չկա:
«Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը նույնպես սպասարկում է իր շահերը: Այդ շահերի կոնֆիգուրացիան ժամանակի տարբեր փուլերում կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Արդյոք մենք ունենք մեզ համար ցանկալի ինտեգրացիայի մակարդակ: Իհարկե ոչ»,-ասաց նա: