ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ ունեցած զրույցի ձայնագրության հրապարակումից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ՝ պետական դավաճանության և լիազորությունների չարաշահման վերաբերյալ: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով գլխավոր դատախազության աղբյուրին:
Ըստ աղբյուրի, գլխավոր դատախազությունն արդեն տեղեկություններ է ներկայացրել նախաքննության միասնական ռեեստր:
Ըստ պարբերականի, գործի նյութին կցվելու է նաև աուդիո ձայնագրություններով կրիչը, որում Պորոշենկոն, իբր, հեռախոսով բանակցում է Բայդենի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Խոսակցությունների ձայնագրություններով էլեկտրոնային կրիչը գերատեսչությանն է հանձնել Ռադայի տեղակալ Անդրեյ Դերկաչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դերկաչը ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն, Բայդենն Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պորոշենկոյին 1 միլիարդ դոլար է առաջարկում՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի համար: