Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Անգլիայի բոլոր դիվիզիոններում հանդես եկող 748 ֆուտբոլիստներ թեստավորվել են: Նրանցից 6-ի մոտ հաստատվել է վարակը, նրանք ևս մեկ շաբաթ կմեկուսացվեն: Ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: