Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Թվայնացվել և ցուցակագրվում է Երուսաղեմի Հայոց ցեղասպանության արխիվը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայոց ցեղասպանության արխիվում է պահվում իր ծավալով ամենամեծ հավաքածուն։ Այն ստեղծվել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զավեն արք. Եղիայան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողությամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիվը պահվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագետ Լուսինե Սահակյանը եւ օսմանագետ Անի Սարգսյանը չորս այցելություն են կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վավերագրերը եւ լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բ. գ. թ. Լուսինե Սահակյանի հետ։ Մեր զրուցակիցն արժանացել է նաեւ «Ճշմարտությունը տեսնելու եւ այն ասելու քաջության համար» Արմին Վեգների անվան մարդասիրական գլխավոր մրցանակին (Հոլիվուդ, 2012 թ.)։

Տիկին Սահակյան, ինչպե՞ս սկսվեցին Ձեր եւ օսմանագետ Անի Սարգսյանի գիտահետազոտական աշխատանքներն այս արխիվում։

–Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի ուսումնասիրության համար Երուսաղեմի պատրիարքարանում պահվող այս արխիվն ամենամեծ հավաքածուն է։ Արխիվի ստեղծումից շուրջ հարյուր տարի անց Ամենապատիվ տ. Նուրհան արք. Մանուկյան պատրիարքի նախաձեռնությամբ, բարձր հովանավորությամբ եւ օրհնությամբ, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի ղեկավարության եւ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինության համաձայնությամբ ես՝ որպես նույն ինստիտուտի հայ—օսմանական առնչություների բաժնի ղեկավար, եւ իմ գործընկերը՝ օսմանագետ Անի Սարգսյանը, սկսած 2017-ից, չորս այցելության ընթացքում կարողացել ենք ի մի բերել, մաքրել եւ դասակարգել 11 տուփ կազմող վավերագրերի խառնիխուռն էջերը եւ լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ Այժմ ընթանում են արխիվի ցուցակագրման աշխատանքները։ Վավերագրերի մեծ մասը ձեռագիր է՝ գրված արեւմտահայերեն, հայատառ թուրքերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։ Այն բավական բարդ եւ ժամանակատար աշխատանք է, քանի որ գրությունները տարբեր ձեռագրերով են, եւ երբեմն համառոտ նկարագրություն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վավերագիր։ Նշեմ, որ Երուսաղեմի արխիվում իրականացվող գիտահետազոտական մեր գործունեությունը, որպես թեմա, հաստատված է նաեւ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում։

 

Ե՞րբ եւ ինչպիսի՞ պայմաններում է ստեղծվել արխիվը։

–Այս արխիվը ստեղծվել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զավեն արք. Եղիայան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողությամբ։ Նա հայ ժողովրդի համար ծանրագույն եւ ճակատագրական շրջանում՝1914-1916 եւ 1918-1922 թթ., ստանձնել է Կ.Պոլսի պատրիարքական աթոռը։ Զավեն պատրիարքը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր։ Այնքան մեծ էր նրա ողբերգությունը, որ իր բազմաթիվ նամակներ նա ստորագրել է՝«Դժբախտ պատրիարք Հայոց Թուրքիոյ», «Վշտակիր պատրիարք Հայոց»։ 1919 թ. աքսորից վերադառնալով Կ. Պոլիս՝պատրիարքը կրկին ստանձնել է իր պարտականությունները։ Նույն թվականին պատրիարքի անձնուրաց ջանքերի շնորհիվ ստեղծվում է Տեղեկատու դիվանը, որը պետք է հավաքեր Հայոց ցեղասպանությանը եւ Հայկական հարցին վերաբերող վավերագրեր։ Զավեն պատրիարքը, կանխատեսելով քեմալականների մուտքը Կ. Պոլիս, 1922 թ. նոյեմբերին բոլոր թղթածրարները գաղտնի ուղարկում է Մանչեստր՝ ի պահ Գրիգորիս եպս Պալաքյանին։ 1938 թ. Զավեն պատրիարքի խնդրանքով Պալաքյան սրբազանն այս թղթածրարներն ուղարկում է Երուսաղեմի Հայոց պատրիարք տ. Թորգոմ արք. Գուշակյանին։ Նույն թվականին Զավեն պատրիարքը մեկնում է Երուսաղեմ։ Ինչպես նա գրել է իր հուշերում, մեծ ոգեւորություն է ապրում՝ տեսնելով արխիվի բազմալեզու, հազարավոր էջերից բաղկացած թղթածրարներն անվնաս։ 1938-ից ի վեր Հայոց ցեղասպանության արխիվը պահվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում։

 

Ի՞նչ կարեւորություն ունի արխիվի ցուցակագրումը։

–Առանց ցուցակագրման հնարավոր չէ հստակ տեղեկություն տալ վավերագրերի քանակի եւ բովանդակության մասին։ Նկարագրելով յուրաքանչյուր վավերագիրը՝ մենք արձանագրում ենք թղթապանակի համարը, ստեղծման տարեթիվը, բովանդակությունը, ուղարկողի եւ ստացողի կամ հեղինակի տվյալները, թղթի տեսակը, վիճակն ու լեզուն եւ այլ մանրամասներ՝ ըստ վավերագրի տեսակի։ Այսինքն՝ յուրաքանչյուր վավերագրի համար ստեղծվում է առանձին գիտական անձնագիր, որն էլ օրենքով ամրագրում է նրա գոյությունը եւ իսկությունը՝ բացառելով վավերագրերի կեղծումը։ Ցուցակագրումն առաջին հերթին պաշտպանում է վավերագրերն անհետացումից կամ գողությունից, քանի որ համապատասխան ժողովածուի մեջ համարագրվում է դրանց քանակությունը։ Այս հավաքածուն նախապես գրեթե եռակի անգամ մեծ է եղել, քան այն, ինչը ի վերջո հնարավոր դարձավ լուսապատճենել։ Ի վերջո, չցուցակագրվելու հետեւանքով է, որ վավերագրերի մի մասը մասնատվել ու ցրվել է։ Տարիների ընթացքում մեզ հայտնի մի քանի հետազոտողներ շրջանառության մեջ են դրել որոշ վավերագրեր, սակայն երբեւէ արխիվն ամբողջությամբ չի թվայնացվել։ Պատրիարքարանում առկա են նաեւ այս արխիվի մի չնչին մասի պատճենները (քսերոքս)։ Մեզ հայտնի հինգ հետազոտող էլ աշխատել է արխիվի այս պատճենված եւ չհամակարգված մասնակի էջերի հետ։ Այս հետազոտողների՝ պատճեններից արած պատճենահանումները երբեք չեն կարող ցանկացողների կողմից ներկայացվել որպես բնօրինակից արված լուսապատճենում, քանի որ բնօրինակի պատճենը եւ թվայնացված լուսապատճենումը արմատապես տարբեր են։

Որքան էլ պատճենն արտացոլում է բնօրինակը, այնուամենայնիվ, կարող է շահարկումների տեղիք տալ, քանի որ ներկայացնելով բնօրինակի բովանդակությունը՝ չի հաղորդում տեխնիկական այն կարեւոր մասնրամասները, ինչն առավել չափով ապահովում է լուսապատճենումը։ Ուստի մեր կատարած աշխատանքը կարեւոր է նաեւ աղբյուրագիտության մեջ ընդունված գիտական չափանիշների պահպանության տեսանկյունից։ Մեր աշխատանքային խումբը առաջին անգամ է այս արխիվը համալիր կերպով լուսապատճենել։ Հարկ եմ համարում ընդգծել, որ նման քանակով՝շուրջ 25 հազար էջ, այն երբեւէ ոչ մի հարթակում հասանելի չի եղել մասնագետներին։

Մինչ օրս Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվն անմշակ է։ Մեր աշխատանքի նպատակն է ցուցակագրել այն, որ այսուհետ բացառվի գեթ մեկ վավերագրի կորուստը։ Մինչեւ ցուցակագրման աշխատանքների ամբողջական ավարտը, որեւէ մեկը, առանց պատրիարք հոր համաձայնության, իրավունք չունի արտահոսքով կամ որեւէ այլ կերպ յուրացնել մեր կողմից արված լուսապատճենները եւ օգտագործել դրանք որեւէ հարթակում կամ ծրագրում՝ ամբողջական կամ մասնակի։ Եվ այս հարցում լինելու ենք շատ հետեւողական։ Արդեն կազմել ենք առաջին երեք տուփի ժողովածուները։ Առաջին հատորում նկարագրված է 2182 էջ վավերագիր, երկրորդում՝ 2581 էջ, երրորդում՝960 էջ՝ ներառյալ համապատասխան ծանոթագրությունները, տեղանվանական եւ անվանական ցանկերը։ Դրանք այժմ խմբագրման փուլում են։ Այս ժողովածուների ստեղծումը կդյուրացնի նաեւ ապագա ուսումնասիրողների աշխատանքը. համապատասխան ցանկերի միջոցով նրանք կկարողանան գտնել անհրաժեշտ վավերագիրը։ Այս արխիվի մշակումն ու ժողովածուների հրատարակումն ունեն գիտական եւ իրավական արժեք ու նշանակություն։ Բացի այդ՝ ցուցակագրումը հավասար պայմաններ կստեղծի բոլոր հետազոտողների համար, եւ արխիվը կդադարի լինել առանձին մասնագետների մենաշնորհը։

 

Ինչո՞ւմ է այս արխիվի եզակիությունը, ի՞նչ փաստաթղթեր են պահվում այնտեղ։ Ի՞նչ նոր հանգամանքներ եք բացահայտել արխիվային փաստաթղթերում՝ հաշվի առնելով, որ շուրջ 8 տասնամյակ այն փակ է եղել ուսումնասիրողների լայն շրջանակների համար։

 

–Այս արխիվը ստեղծվել է պատմական ու աշխարհաքաղաքական բախումների կործանարար հորձանուտում, որի ընթացքում օսմանյան իշխանություններն ու նրանց իրավահաջորդները համակարգված բնաջնջում էին հայ ժողովրդին, իսկ այդպիսի բարդ ու վտանգավոր պայմաններում նման հսկայածավալ վավերագրերի հավաքչական աշխատանքն, իրոք, հերոսություն էր։ Արխիվի ստեղծումն ու նրա անցած ճանապարհը մի իսկական ոդիսական են։ Իսկ ամբողջական պատկերը կներկայացնենք համալիր քննությունից հետո, երբ կավարտվեն ցուցակագրման աշխատանքները։ Եթե ընդհանուր բնութագրենք արխիվը, կարելի է ասել, որ այն Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Տեղեկատու դիվանի անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր Հայոց ցեղասպանության մանրամասների՝ գլխավոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առեւանգումների, դատական հայցադիմումների եւ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների եւ այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ականատեսների վկայությունները։ Կան արեւմտյան պաշտոնյաներին ուղղված տեղեկագրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացությունը Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո։ Տեղեկատու դիվանը ձեռք է բերել նաեւ օսմանյան դատարաններում մեղադրվող կողմի թղթապանակները եւ դատական նյութերը։ Դիվանի անդամները կարողացել են պատճենահանել դատարանի փաստաթղթերը՝ հավաքելով շատ կարեւոր պաշտոնական վավերագրեր։

Արխիվում տեղ են գտել նաեւ եզակի տպագիր նյութեր, որոնք լուսաբանում են 19-րդ դարի վերջում Հայկական հարցին վերաբերող խնդիրները, հայության ծանր վիճակը, ինչպես նաեւ 1911-1914 թթ. հայկական նահանգների բարենորոգումներին վերաբերող տեղեկագրեր, շրջաբերականներ, նամակներ՝ տարբեր թեմերի առաջնորդարաններից։ Բազմալեզու այս վավերագրերն արժեքավոր սկզբնաղբյուրներ են Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ կայսրության մյուս հայաբնակ շրջանների իրավատնտեսական վիճակի, հայկական ջարդերի վերաբերյալ, հավելյալ մանրամասնություններ են պարունակում տեղահանությունների մասին։

Բազմաթիվ վավերագրեր ներկայացնում են 1912-1922 թթ. միջազգային ատյաններում հայկական պատվիրակությունների ծավալած աշխատանքները։ Այս փաստաթղթերը ժամանակագրական կարգով ցույց են տալիս Օսմանյան կայսրության եւ գերտերությունների ու Ռուսաստանի դիրքորոշումները Հայկական հարցի լուծումների ուղղությամբ։ Տասնյակ էջեր պատմում են հայ որբերի, առեւանգված կանանց, իսլամացված հայերի եւ նաեւ նրանց դարձի բերելու, հայկական իրականություն վերադարձնելու նպատակով կատարված աշխատանքների մասին։ Պահպանվել են վկայություններ Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո հայկական դպրոցների, եկեղեցիների, սեփականության եւ լքյալ գույքի վերաբերյալ։ Այս բոլոր նյութերը Դիվանում հավաքվել են այն ակնկալիքով, այն սպասումով, որ երիտթուրք պարագլուխները կկանգնեն արդարադատության առջեւ, կլինի անկանխակալ դատ, եւ նրանք կստանան արժանի պատիժ՝ կանխամտածված ցեղասպանություն իրագործելու համար։ Այն իր ամբողջությամբ Օսմանյան կայսրության համակարգված ցեղասպան քաղաքականության վկայարան է՝ ամրագրված կնիքներով, համարակալումներով եւ ստորագրություններով։

 

Կարո՞ղ են, արդյոք, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում նորովի վերագնահատվել պատմական իրողությունները։

–Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է եւ վեր է որեւէ կասկածից, սակայն թուրքական պետական ժխտողական մեքենան աշխատում է ամեն օր՝ անխափան եւ անվրեպ՝ կիրառելով նաեւ ավելի ճկուն մեթոդներ, դիմելով հնարավոր ու անհնար միջոցների, իր գայթակղիչ ծուղակների մեջ գցելով նաեւ հայ մասնագետների։ Ուստի մենք պետք է լինենք զգոն եւ մեր արխիվներին վերաբերվենք շատ խնամքով ու ամենայն պատասխանատվությամբ։ Հայ դատը ճշմարիտ դատ է, իսկ նման արխիվները չափազանց կարեւոր են եւ կարող են լրացուցիչ մանրամասներ տրամադրել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման գործընթացներում։

Վերջերս Հայոց ցեղասպանության արխիվների վերաբերյալ մեզանում շրջանառվում են շատ վտանգավոր եւ անհիմն տեսակետներ, թե իբր այդ արխիվներում (նաեւ Երուսաղեմի Հայոց ցեղասպանության արխիվում) չկան այնպիսի նյութեր, որոնք կարող են լուրջ կռվաններ դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացներում։ Այսպիսի մտավարժանքները եւ նման շահարկումները միտված են արժեզրկելու տառապանքի գնով ստեղծված այս հավաքածուները եւ ապակողմնորոշելու մարդկանց։ Այնինչ, բոլորիս էլ հայտնի է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող օսմանյան պաշտոնական փաստաթղթերը ժամանակին վերացրել են երիտթուրք պարագլուխները։ Թուրքիայի արխիվները տարիներով մաքրվել ու զտվել են։ Իսկ մեր արխիվներն ակնհայտը ապացուցելու միտում ամենեւին չունեն, քանի որ, ինչպես նշեցի, Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է։ Եթե գնահատենք Երուսաղեմի Հայոց ցեղասպանության արխիվը, ապա այն 1911-1922 թթ. Օմանյան կայսրության արտաքին եւ ներքին քաղաքականությունը փաստող գրեթե ամենօրյա իրողությունների ժամանակագրություն է։ Այսպիսի բացառիկ հավաքածուների արժեզրկումը ուղղակի սատարում է թուրքական ժխտողականությանը։ Ի դեպ, հայկական արխիվների նկատմամբ կասկածելի վերաբերմունքը թուրքական ժխտողական հայտնի թեզերից մեկն է։ Անգամ ավելորդ է նշել, թե որքան կարեւոր է գեթ մեկ վավերագրի վկայությունը ոչ միայն յուրաքանչյուր մասնագետի, այլեւ ամեն հայի համար։

 

–Մասնագիտական եւ հետազոտական բնույթի ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, քանի որ անգամ հարյուրամյա հեռավորությունից հնարավոր չէ առանց հուզմունքի, առանց ծանր ապրումների մտածել, առավել եւս առնչվել պատմական այդ ծանր ժամանակաշրջանի իրողություններին։

–Մասնագիտական որեւէ դժվարություն մեր խումբը չունի։ Ձեւավորվել է նաեւ գիտական խորհուրդ։ Այս աշխատանքների ընթացքում աննկարագրելի են մեր ապրումները։ Անհնար է խոսել այն ցնցումի ու հուզմունքի մասին, երբ աշխատելու ընթացքում արխիվում ձեռքս անցավ ալաշկերտցի իմ հայրական պապի ընտանիքի անդամների սպանդի մասին պատմող մի վավերագիր… Եվ վերջում մեր փոքրիկ աշխատանքային խումբը խորին շնորհակալություն է հայտնում Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը՝ Ամենապատիվ տ. Նուրհան արք. Մանուկյանի գլխավորությամբ այս ազգանվեր գործը նախաձեռնելու եւ իր վերահսկողության ներքո առնելու համար։ Այսպիսով, այս ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը կդառնա յուրատեսակ կոթող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում