Պետական երաժշտական կամերային թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության անհանգստությունը՝ կապված «Համերկրացիներ» ծրագրի հետ (այն ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտանիքներով մեկնել, բնակվել ու աշխատել ՌԴ-ում), ասաց, որ Հայաստանից մարդկանց մեկնելու հիմնական պատճառը սոցիալական վիճակն է։
«Դա գալիս է աշխատատեղերի պակասությունից, կենսամակարդակի ցածրությունից։ Մարդիկ հոծ խմբերով հեռանում են երկրից։ Ես ուրիշ այլ լուրջ պատճառ չեմ տեսնում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հուսահատությունը գալիս է այնտեղից, որ մարդիկ ապագա չեն տեսնում երկրում։
Խոսելով «Համերկրացիներ» ծրագրի մասին՝ նա նկատեց, որ Հայաստանից միշտ էլ գնացել են, պարզապես այն ժամանակ մարդկանց թույլ չէին տալիս այնտեղ բնակություն հաստատել, իսկ հիմա մարդկանց տեսադաշտը լայնացել է։
«Պետք է այստեղ պայմաններ ստեղծենք, որ այդ կեղծ շքեղությունը դառնա երկրորդական։ Մեր երկրում նորմալ ապրելու պայմաններ պետք է ստեղծել»,- նշեց Դ.Հակոբյանը։ «Մենք չենք կարող հանգիստ թույլ տալ, որ մեր համերկրացիները հեռանան ընտանիքներով։ Այդ առումով ես հասկանում եմ վարչապետի մտահոգությունը, որ այդ ծրագիրը չի կարելի կիրառել Հայաստանի դեպքում»,- անդրադառնալով ծրագրին՝ ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, արտագաղթի հարցը հնարավոր չէ լուծել հրամանագրերով, քանի որ եթե մարդը որոշի գնալ, կգնա, սակայն կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի արտագաղթը կասեցնելու ուղղությամբ։ «Ես մեծ ողբերգություն դեռ չեմ տեսնում, սա այն ահագնացող վիճակը չէ։ Հայաստանը չի լքվում։ Իմ կարծիքով՝ սա այդ դեպքը չէ»,- ասաց Դ.Հակոբյանը։