Ազգային գրադարանը հաղորդագրություն է տարածել էլեկտրոնային շտեմարանների անհետացման պատճառի եւ դրանց վերականգելու վերաբերյալ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ: Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից չէին կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Երեկ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ի վերջո հայտնեց պատճառը. « ածխացել են սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները… Լուրը սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են սարքերը, կարելի է համարել հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը: