Ադրբեջանը հայտարարել է երկու զորավարժության մասին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բաքուն զորավարժություն է անցկացնելու, այսպես ասած, իր հիմնական մասում: Այսօր տեղեկություն է տարածվել նաև Նախիջևանում զորավարժության մասին, որ տեղի է ունենալու մայիսի 18-22-ը:
Դա տեղի է ունենում Բաքվի ռազմական հռետորաբանության ուժգնացման ուղեկցությամբ: Ադրբեջանը թե՛ պաշտոնյաների, թե՛ նաև պրոպագանդայի մակարդակում սկսել է խոսել ռազմական ճաապարհով իր «հողերը ազատելու իրավունքի» մասին: Սա, իհարկե, մի բան է վկայում՝ որ Բաքուն անելանելի փակուղում է քաղաքական-դիվանագիտական ճանապարհում: Դա էլ ստիպում է Ադրբեջանին գործի գցել ռազմական շանտաժի դիվանագիտությունը՝ թե՛ Հայաստանին, թե՛ նաև համանախագահներին ահաբեկելու համար:
Այն, որ Ադրբեջանն իսկապես տխուր քաղաքական վիճակում է, վկայել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մայիսի 28-ի Անկախության տոնի կապակցությամբ: Դրանում ԱՄՆ նախագահը խիստ հպանցիկ է անդրադառնում արցախյան հարցին, նշում միան խաղաղ կարգավորմանը, որպես համանախագահ, ԱՄՆ աջակցության մասին: Չկա որևէ խոսք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Այդ հարցը մղվում է երկրորդ պլան, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:
Ադրբեջանն անգամ Լավրովից է դժգոհում՝ ազդարարելով, որ ՌԴ արտգործնախարարն ընդամենը նպաստել է, որ Երևանը կոշտացնի իր դիրքորոշումը: Ի դեպ, այդ տեսանկյունից Նախիջևանում ադրբեջանական զորավարժության հանգամանքը թերևս վկայում է այն մասին, որ Բաքուն ազդակ է փորձում հղել կամ շանտաժել փորձում է ոչ միայն Երևանին, այլև գուցե առաջին հերթին Մոսկվային:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Լավրովը զանգահարել է Երևան և խոսել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Խոսակցության մանրամասները պարզ չեն: Արդյոք Լավրովը փորձում է Երևանին, այսպես ասած, բերել «փոխզիջման» դա՞շտ, թե՞ Ռուսաստանի արտգործնախարարի զանգը ազդակ է Բաքվին, որ շանտաժը չի անցնի: Տեսնենք, թե ինչպես է Ալիևին շնորհավորելու Պուտինը: