Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրում անսպասելի արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում պատրաստ է աջակցել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած կուսակցություններին։
Քըլըչդարօղլուն չի բացառել, որ ԺՀԿ-ն արտահերթ ընտրությունների դեպքում կաջակցի, որպեսզի Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը և Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը խորհրդարանում կուսակցական խմբակցություն կարողանան ստեղծել։
Նա նշել է, որ ժողովրդավարության տեսակետից յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի հաղթահարելու անցողիկ շեմը և ներկայացված լինելու խորհրդարանում։
Ըստ թուրք վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուի՝ Էրդողանի համար դա անցանկալի զարգացումների շարքից է։ Նույնքան անցանկալի տարբերակ կարող է լինել նաև, եթե այս երկու կուսակցությունները միանան 4 կուսակցությունից կազմված «Milliyet» դաշինքին։ Դա Էրդողանի համար վատագույն սցենարը կլինի, քանի որ այդ կուսակցությունների հիմնադիրներ Ահմեթ Դավութօղլուն և Ալի Բաբաջանը, լիենելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին անդամներ, շատ լավ գիտեն ԱԶԿ-ի և Էրդողանի բոլոր ուժեղ և թույլ կողմերը և կարող են խլել ԱԶԿ-ի ընտրողների ձայները։