Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին կորոնավիրուսի համավարակի պատրվակով քաղաքացիների և լրատվամիջոցների իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար: Այս մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Համավարակի ժամանակ հասարակական առողջապահության նկատառումները չպետք է արդարացնեն քաղաքական բռնաճնշումները», – ասվում է փաստաթղթում: «Մենք խորապես մտահոգված ենք այն լուրերով, որ Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ սահմանափակում է մարդկանց հասանելիությունը տեղեկատվությանը ձերբակալությունների, տուգանքների և, հնարավոր է, խոշտանգումների միջոցով»:
Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ սահմանափակելու համար Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների ազատությունը: