«Բռնությունը մնում է որպես մեր կյանքի ամենօրյա արտահայտության ձև, և այն շարունակական բնույթ ունի: Այն թեժացել է քաղաքական պայքարի պատճառով, գուցեև պսակաժահրի համավարակի հոգեբանական ազդեցության պատճառով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին և դիտարկմանը, որ այդ միջադեպը լայն քննարկումների առիթ է դարձել:
Գևորգ Տեր-Գաբրիելյանի դիտարկմամբ՝ բռնությունը եղել է ոչ միայն մեր, այլև ընդհանրապես մարդկության մշակույթի մի մաս, միահյուսված է եղել մեր ամենօրյա վարքին և արտահայտվել է ընտանեկան, հասարակական քաղաքատնտեսական հարաբերություններում:
«Կարևոր է, որ պետությունը սկսել է պայքար բռնության դրսևորումների դեմ, այլ հարց է, որ նույնիսկ նոր կառավարության անդամները երբեմն չեն կարողանում զերծ մնալ այդպիսի պոռթկումներից, սակայն ավելի կարևոր է ինստիտուցիոնալ պայքարի փուլերը տեսնել, ինչպես, օրինակ, սեռական շահագործումից եվ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին այն օրենքը, որն այսօր ԱԺ-ն ընդունեց: Ինձ թվում է՝ այդ պայքարը երկար կտևի, պետք է հասկանալ բռնության խոր արմատները, որ գոյություն ունեն մեր հասարակության մոտ»,- նշեց Գ. Տեր-Գաբրիելյանը՝ Նրա դիտարկմամբ՝ Լանզարոտի կոնվենցիան կարևոր է. «Սեռականության մասին ինֆորմացիան երեխաները ստանում են փողոցում ամենագռեհիկ ձևով…»:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ բռնությունը շատ ուժեղ կապված է շահագործման և բարքերի հետ, և անհրաժեշտ է անվախ հայացք նետել դեպի սեփական անցյալը, դեպի բռնության արմատները, որպեսզի այդ ամենը վեր հանվի և դրա վերջը տրվի:
Մանրամասն՝ տեսանյութում: