Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ վրաց ժողովրդին սով է սպառնում, եթե Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերությունները փչանան: Այս մասին նա ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:
Նրա կարծիքով՝ Վրաստանին Ուկրաինան ավելի շատ է հարկավոր, քան Ուկրաինային՝ Վրաստանը: Ըստ քաղաքական գործչի, վրացական խանութներում վաճառվող ապրանքների մեծ մասը «օրինակ ՝ հացահատիկային ապրանքները, հնդկացորենը, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներկրվում են Ուկրաինայից»:
«Ուկրաինան մեր ապրանքների համար շատ կարևոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունները փչացնելը աղետալի կլինի, և վաղը Վրաստանում մարդիկ կմահանան սովից», – ասել է Սաակաշվիլին:
Հինգշաբթի, մայիսի 7-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ նշանակեց: Դրանից հետո Վրաստանը Կիևից հետ կանչեց իր դեսպանին: