Մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանն է անդրադարձել Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն:
Դավութօղլուն այս մասին գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։ Նա նշել է, որ մայիսի 11-ից Թուրքիայում սկսվում է կորոնավիրուսի ճգնաժամից դեպի բնականոն կյանք անցնելու գործընթացը։
«Բացվում են առևտրի կենտրոնները։ Եթե այլևս մարդկանց համակեցությունը խնդիր չէ, ապա ինչու՞ են մզկիթները մնում փակ։ Եթե համակեցությունը դեռևս վտանգավոր է, ապա ինչու՞ են առևտրի կենտրոնները բացվում։ Վիրուսը, որն առևտրի կենտրոն չի մտնում, մզկի՞թ է ներթափանցելու»,- գրել է նա։
Դավութօղլուն կոչ է արել, որ իշխանությունները հետևողական լինեն կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակին ուղղված միջոցառումներ իրականացնելիս։