Գերմանական Willinger Brauhaus գարեջրի գործարանը որոշել է անվճար 2600 լիտր գարեջուր բաժանել Հեսսենում՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին վաճառքի կտրուկ կրճատման պատճառով, հաղորդում է Deutsche Welle հեռուստաընկերությունը:
Գերմանիայում համաճարակի ֆոնին բարերի և ռեստորանների փակման պատճառով ալկոհոլային արտադրանքների պահանջարկը զգալի նվազել է և ալկոհոլային խմիչքների շատ արտադրողներ ստիպված են ոչնչացնել իրենց արտադրանքը: Գործարանը որոշել է շտապ բաժանել գարեջուրը՝ դրա պահպանման ժամկետի ավարտին մոտենալու պատճառով, որպեսզի պահեստներում տեղ ազատվի թարմ արտադրանքի համար:
«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մարդկանց և հուսով ենք, որ նրանք էլ հետագայում մեզ կաջակցեն… ընտրելով մեր արտադրանքը»,- ասել է գարեջրի գործարանի սեփականատեր Ֆրանց Մաստը:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, Գերմանիայում գարեջրի պահպանման ժամկետի միջին տևողությունը չի գերազանցում ութ շաբաթը: