SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը բացատրել է, թե ինչպես է կարդացվում իր նորածին որդու անունը: Մասկը և երեխայի մայրը՝ կանադացի երգչուհի Գրայմսը, նրա համար տարօրինակ անուն են ընտրել՝ X Æ A-12:
UFC-ի մեկնաբան և կատակերգու Ջո Ռոգանի շոուի ժամանակ Մասկը բացատրել է, որ անունն արտասանվում է «Իքս Էշ Էյ Թվելվ»: Նա նաև խոստովանել է, որ անվան գաղափարը Գրայմսինն է, իսկ նա լրացրել է այն իր սիրելի A-12 հետախույզ-ինքնաթիռի անվանումով:
Փաստաթղթերում երեխան, ամենայն հավանականությամբ, այլ անուն կունենա, քանի որ Կալիֆոռնիայում չի թույլատրվում անվան մեջ կցագիր և թվեր օգտագործել:
Ավելի վաղ Գրայմսը Twitter-ում բացատրել էր իր որդու անվան իմաստը: Ըստ նրա, X-ը անհայտ փոփոխական է, Æ -ն՝ «արհեստական բանականություն կամ սեր», իսկ A-12-ը ամերիկյան հետախույզ-ինքնաթիռ է: «Մեր սիրելի SR-71 օդանավի նախատիպը: Այն չունի զենք, միայն արագություն, հրաշալի է մարտում, բայց առանց բռնության»,- բացատրել է երգչուհին: