Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ Ուկրաինան գերազանց հարաբերություններ ունի Վրաստանի հետ: Թբիլիսիի արձագանքը՝ Միխեիլ Սաակաշվիլիին Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու վերաբերյալ, սխալ է՝ կարծում է Ուկրաինայի առաջնորդը:
«Անկախ ամեն ինչից՝ մենք հետ չենք կանչի մեր դեսպանին որևէ խորհրդատվության համար: Քանի որ մեր երկրների միջև հարաբերությունները ավելի երկար են, քան ցանկացած երկրի ղեկավարություն: Ինձ թվում է, որ սա վրացական կողմի սխալն է»,- ասել է նախագահը Լուգանսկի մարզում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվում էր Nash հեռուստաալիքի կողմից:
Զելենսկին հույս է հայտնել, որ խորհրդակցություններից հետո բոլոր կողմերը կհասկանան, որ յուրաքանչյուր կոնկրետ պետության կադրային քաղաքականությունը վերաբերում է միայն այդ պետությանը և նրա քաղաքացիներին: Զելենսկին նշել է, որ Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի ղեկավարության որոշումն է և Ուկրաինայի ներքին հարցը: