Վրաստանի կառավարության որոշմամբ, մայիսի 11-ից կբացվեն արտադրության բոլոր տեսակները: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել միջգերատեսչական համակարգող խորհրդի շրջանակում գոյություն ունեցող տնտեսական խմբի նիստում:
Նրա խոսքով, մայիսի 11-ից կբացվեն նաև բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշիկի խանութների:
«Մայիսի 11-ից մենք կբացենք արտադրության բոլոր տեսակները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինանյութերի արտադրության մասին էր, ապա հաջորդ շաբաթվանից մենք կբացենք արտադրության բոլոր տեսակները: Բացի այդ, մենք կբացենք բոլոր մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցից մուտք ունեն: Սա չի վերաբերում հագուստի և կոշիկի խանութներին, մոլերին»,- ասել է Գախարիան:
Թբիլիսի մուտքի և ելքի բոլոր սահմանափակումները կչեղարկվեն մայիսի 11-ից: Բացի այդ, մայիսի 14-ից տեղաշարժի սահմանափակումները կչեղարկվեն Ռուսթավիում և Գարդաբանիում, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլիում: