«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը, լրագրողնեևրի հետ հանդիպման ժամանակ գնահատելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, հայտնեց. «Ես կասեի Սերժ Սարգսյան-ՀԱԿ երկխոսություն, որովհետև հենց Սերժ Սարգսյանի որոշմամբ է այս երկրում ամեն բան որոշվում։ Թե ինչ կլինի արդյունքը, Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, նա իրավիճակային լուծումների գնացող անձ է և սպասում է դեպքերի զարգացմանը»,- ապա նաև հավելեց.
«Եթե գնահատելու լինենք, ապա նեսում Սերժ Սարգսյանի մոտ ոչինչ չի ստացվում. նա իր ելույթներից մեկում ասում էր, որ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիս-հունիս ամիսներից երկրում սոցիալական վիճակը էապես կբարելավվի, բայց դա չեղավ, արտագաղթի մասին խոսեց, բայց դա ոչինչ չասաց և ավելի շատ թատերական ներկայացում ցույց տվեց, ասաց վիճ-վարչության թվերից, որոնք հիմնականմում կեղծ են լինում։ Չխոսեց այն պատճառներից, որոնք հիմքն են արտագաղթի, իր վերջին խորհրդակցության ժամանակ ոչ մի լուծում չառաջարկեց։ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ արտաքին քաղաքական հարաբերություններում ամբողջությամբ տապալում է գործընթացները՝ Թուրքիայի հետ կապված հարցում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա ես նույնիսկ շատ չեմ համարձակվում խոսել այս պահին, որովհետև չեմ տիրապետում, թե ինչ է տեղի ունենում։ Ղարաբաի հարցը մեր առաջիկա հազարամյակի պատմության կարևորագույն հարցերից է, և ժողովրդի թիկունքում գաղտնի ինչ-որ մեկը իրավունք չունի միայնակ հարցը կարգավորել։ Ես համոզված եմ, որ Ս.Սարգսյանը վերջնական լուծման չի գնալու, դա իր տեսակն է, ինքը խաղում է այնքան, ինչքան հնարավոր է խաղալ։ Ընդհանրապես ինքը խաղատան «իգրոկ» է»։
Ս.Այվազյանը նաև փաստեց, որ այսօր գործող նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ դրա հետ հաշվի նստել իրենք չեն կարող. «Սա է իրականությունը, և հաջորդ գիտակցումը հետևյալն է. Հայաստանին պետք է անցնցում իշխանափոխություն, Հայաստանում պետք է գործող համակարգը արմատապես վերացնել և նորը ստեղծել։ Այս տարածաշրջանում ապրելու համար մենք այս իրավիճակով չենք կարող գոյատևել, ամենավտանգավոր տարածաշրջանն է, և քաղաքականություն, որը փորձում է մեկ Ամերիկային դուր գալ, մեկ՝ Եվրոպային, մեկ՝ Ռուսաստանին, մեզ հեռու չի տանի։ Մենք դատապարտված ենք հզոր լինելու, իսկ մենք չենք ուզում հիմա ամեն ինչ արաբական աշխարհի նման քանդել՝ հասկանալով, որ վաղը կառուցելը շատ ավելի բարդ է լինելու։ Բայց, եթե պարտադրված լինենք, հանուն Հայաստանի ապագայի, կարծում եմ, պարտավոր ենք գնալ նաև դրան»։
Սմբատ Այվազյանի խոսքով՝ երկխոսության գալով՝ Սերժ Սարգսյանը իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, որովհետև ՀԱԿ-ի միակ օրակարգը արտահերթ նախագահական ընտրություններն է, որից միայն ածանցյալ է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները.
«Ես համոզված եմ, որ երկրում այնպիսի իրավիճակ է, որ արտահերթ ընտրությունները ուղղակի անհրաժեշտ են»։
Թե ինչ փաստարկներկի առկայության դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի արտահերթ ընտրությունների պահանջից, Ս. Այվազյանը նշեց .«Կարծում եմ, չկան այնպիսի փաստարկներ, որոնք կհամոզեն ՀԱԿ-ին հետ կանգնելու իր պահանջից։ Պետք է գնալ արտահերթ ընտրությունների հանուն Ղարաբաղի հարցի կարգավորման, իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները կարգավորելու և ստեղծված մթնոլորտը փոխելու համար։ Ղարաբաղի հարցում ես դեմ եմ որևէ բան զիջելուն»։
Բանախոսը նաև հայտնեց, որ շատ արագ պետք է ավարտել երկխոսությունը. «Ինչ խոսք, իշխանությունը փորձելու է ժամանակ ձգել, բայց ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը գիտակցում է սա։ Մինչև սեպտեմբեր ՀԱԿ-ը պետք մաքսիմալ հրապարակայնություն ապահովի, որ ապատեղեկատվությունը վերանա։ Անընդհատ հաշվետվություն պետք է տրվի ժողովրդին երկխոսության ընթացքի վերաբերյալ»։











































