Ամերիկացի զինվորականները Սիրիայում սպանել են մի քաղաքացիական անձի, որը Դեյր էզ-Զոր նահանգում սխալ ճանապարհով է գնացել, հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:
Գործակալության տվյալներով՝ դեպքի ժամանակ տղամարդը մեքենայի ղեկին է եղել: Զինվորականները կրակել են նրա մեքենայի ուղղությամբ, քանի որ նա դուրս է եկել մայրուղուց Կոնիկոյի նավթային դաշտի մոտակայքում:
Հատկանշական է, որ վերջին ժամանակներս Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում ամերիկյան բանակի վրա անհայտ զինված խմբավորումների հարձակումներն ավելի ու ավելի են հաճախացել: Ապրիլի 6-ին հարձակման է ենթարկվել քրդական SDS-ի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ պարեկախումբը Դեյր էզ-Զոր նահանգում՝ Էլ-Հասաքե գավառի հետ վարչական սահմանի հարևանությամբ: Արդյունքում ՝ սպանվել էին ամերիկյան բանակի մեկ սպա և SDS-ի երկու անդամ: