Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ երկօրյա այցով Վրաստան է ժամանել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն։
Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Ֆյուլեն և Վրաստանի փոխվարչապետ, Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն համատեղ մամուլի ասուլիս են տալու Բաթումի «Ռեդիսոն» հյուրանոցում, որի բացումը երեկ կատարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Իր վրացական այցի շրջանակներում Ֆյուլեն մասնակցելու է «Վրաստանի եվրոպական ուղին» 8-րդ միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի, փոխվարչապետ Բարամիձեի, պետնախարար Էկա Տկեշելաշվիլիի, փոխարտգործնախարար Տոռնիկե Գորդաձեի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ երեկ նույն աղբյուրը հայտնեց, որ ԵՄ-ը դրամաշնորհի ձևով Վրաստանին է հատկացնելու 4 միլիոն եվրո, և որ այդ հարցը քննարկվելու է Ֆյուլեի վրացական այցի ժամանակ։