Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, մտադիր է Եվրո-2020-ն անցկացնել այն քաղաքներում, որտեղ ի սկզբանե պլանավորված էր:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ն ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում, անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30 պետք է համապատասխան նամակ ուղարկեն՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն անփոփոխ թողեց Եվրոպայի հոբելյանական առաջնության անվանումը: Մարտի 17-ին ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվել էր ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: