Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարթ Տոկաևը հայտարարել է կորոնավիրուսային վարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչեւ մայիսի 11-ը երկարաձգելու մասին:
«Հիվանդության վտանգը հնարավոր չէ նվազեցնել: Կորոնավիրուսը տարբերվում է բարձր վարակելիությամբ և իրենից լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար: Դա գիտակցում է գրեթե ամբողջ աշխարհը», – ասել է նախագահը:
Ըստ նրա, նման որոշումը թելադրված է վարակի հետ կապված ծանր իրավիճակից, ինչպես նաև առաջարկվել է պետական հանձնաժողովի և փորձագետների կողմից:
«Օրենքի համաձայն, արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 11-ին, եթե, իհարկե, տեղի չի ունենա համաճարակի նոր զանգվածային բռնկում: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», – հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակների ռեժիմի ապահովման պետական հանձնաժողովը պատրաստ է գնալ կարանտինային ռեժիմի մեղմացմանը այն շրջաններում և քաղաքներում, որտեղ վերահսկողության տակ է գտնվում վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, հավելել է Տոկաևը:
Վերջին տվյալներով, Ղազախստանում գրանցվել է ավելի քան 2,7 հազար վարակված և 25 զոհ: