Էկվադորում տարեց կինը մեկ ամիս անց ուշքի է եկել այն բանից հետո, երբ բժիշկները նրան համարել են մահացած: Այս մասին գրում է El Comercio տեղական թերթը:
74-ամյա Ալբա Մարուրի Գրանդան մարտի 27-ին իրեն վատառողջ է զգացել: Նրա ջերմությունը բարձրացել է մինչև 42 աստիճան, և սկսվել են խնդիրներ շնչառության հետ կապված: Կնոջը տեղափոխել են Գուայակիլ քաղաքի հիվանդանոց, որտեղ նա ընկել է կոմայի մեջ: Նույն օրվա երեկոյան բժիշկները պացիենտին համարել են մահացած և նրա մահվան մասին հայտնել են հարազատներին:
Իրականում բժիշկները շփոթել են պացիենտների անունները և ընտանիքին տվել են այլ մարդու մարմին, իսկ կինը անգիտակից վիճակում մնացել է հիվանդանոցում: Գրանդայի հարազատները գրեթե մեկ ամիս անցկացրել են անծանոթի աճյունամոխրի հետ՝ սպասելով երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը, որպեսզի հնարավորություն ունենան հուղարկավորելու նրան:
Ապրիլի 24-ին տարեց կինն ուշքի է եկել, բուժաշխատողին հաղորդել է իր անունն ու հեռախոսահամարը, որպեսզի կապվեն իր քրոջ հետ: Ներկայում կինը սպասում է, որ իրեն դուրս գրեն հիվանդանոցից:
Բժիշկները ներողություն են խնդրել Գրանդայի ընտանիքից՝ խոստովանելով սխալը: «Մենք հասկանում ենք՝ ինչի միջով են նրանք անցել, այն ժամանակ քաոս էր՝ այդքան քանակությամբ մահացածներ և վարակվածներ»,- ասել է նրա զարմուհի Լաուրա Մորլան:
Գրանդայի հարազատները մտադիր են հայց ներկայացնել հիվանդանոցի դեմ, որպեսզի փոխհատուցում ստանան հուղարկավորության և դիակիզման ծախսերի համար: Նրանք հույս ունեն ստանալ մոտ 2 հազար դոլար: