Հայաստանում Նորվեգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեն (նստավայրը՝ Մոսկվա) նոյեմբերի 23-ին Սյունիքում էր: Նա ծանոթ է Տաթևի զարգացման եռամյա ծրագրին ու ցանկացել է սեփական աչքերով տեսնել Գինեսի ռեկորդակիր «Տաթևի թևեր» ճոպանուղին: Նրան «Հալիձոր-Տաթև» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը ներկայացրեց ծրագիրը, ծանոթացրեց ճոպանուղու աշխատանքին: Հալիձորից դեսպանն ու նրան ուղեկցող անձինք ճոպանուղով հասան Տաթև: Կնուտ Հաուգեն 10 տարի առաջ եղել է Հայաստանում, Տաթևում, սակայն, նկատեց, որ շատ բան է փոխվել: Դեսպանը հիացած էր հատկապես Սյունյաց բնաշխարհով. «Ցավոք չեմ կարող համեմատություն անցկացնել այլ ճոպանուղիների հետ, թեպետ եկել եմ մի երկրից, որտեղ շատ-շատ ճոպանուղիներ կան, սակայն կարող եմ ասել, որ կոնկրետ այսպիսինը չունենք և ինչ-որ տեղ նախանձում եմ հայերին: Նմանատիպ ճոպանուղիներ կարելի է տեսնել կենտրոնական Եվրոպայում, սակայն հիմնական տարբերությունը տեղակայման վայրի մեջ է, այն առանձնահատուկ է և ապահովելու է զբոսաշրջիկների մեծ հոսք»,- հույս հայտնեց դեսպանը: Վերջինս խոստացավ օգնել այդ հարցում, սակայն չմանրամասնեց ինչ ձևով: Դեսպանին դուր եկավ նաև Տաթևի անարատ մեղրն ու ուրցով թեյը: