Համացանցում օրեր առաջ տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած նախապատրաստական կադրերի մոնտաժած տարբերակը, ինչը քննարկումների առիթ հանդիսացավ, դրան հաջորդեցին փոխհրաձգությունները վարաչապետի աշախատակազմի և Հանրային հեռուստաընկերության միջև, և դրան հաջորդեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ բանաստեղծ, թարգմանիչ, անկախ հանարապետության մշակույթի առաջին նախարար Հակոբ Մովսեսը նշեց, որ տեղի ունեցածը քաղաքական նոնսենս էր. «Եթե անգամ սա պատահական անփութության արդյունք է, միևնույն է, հանցանշան է պարունակում, դա նշանակում է, որ մեր երկրում պետականության, պետության ատրիբուտի հանդեպ հարկ եղած զգոնությունը չկա»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հետհեղափոխական Հայաստանում արտահոսքային ինֆորմացիայի հանրայնացման պակաս չկա, Հակոբ Մովսեսն ընդգծեց, որ դա նշանակում է մի բան՝ նախկին իշխանությունները դեռևս ունեն իրենց բազան իշխանության մեջ, և դրանցից ազատվելը ոչ թե կադրային կամ տակտիկական հարց է, այլ քաղաքական հարց է. «Չի կարելի թողնել, որ երկրի հիմքերի տակ ռումբ մնա դրված, պետք է ականազերծել: Հազար անգման ասվել է, որ կադրային ջարդ չի լինելու, որ իշխանությունը թշնամի ու հակառակորդ չի տեսնում ոչ մեկի մեջ, բայց եթե տեսնում ենք, որ որոշ օղակներում «շպիոնաժ» է գործում, անպայման պետք է նրանցից ձերբազատվել»:
«Հանրային հեռուստաընկերությունը հեղափոխության բոցը բորբոք չի պահում և մեր ժողովրդի բաղձանքներն ու իղձերը չի արտահայտում, շատ զգուշավոր է, որը ես համարում եմ քաղաքական երեսպաշտություն»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև ընդգծեց, որ «դեմոսը»` ժողովուրդը, իշխանությունից «կրատիա»` ուժ, օրենք և կամք է ուզում:
Մանրամասն՝ տեսանյութում: