Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների մեծամասնությունը համաձայնել է աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ մի քանիսի:
Այս մասին գրում է Mirror-ը: «Արսենալ»-ը հայտարարել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխավարձը 12,5 տոկոսով կրճատելու վերաբերյալ: Սակայն ակումբի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել աշխատավարձի նվազեցմանը: Ֆուտբոլիստների թվում է Գերմանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը, ով ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ակումբում: Մյուսների անունները հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ. ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում: