Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Չինաստանի ընտրանու նկատմամբ և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջին երեք խաղատախտակների վրա ուժեղագույն հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին համապատասխանաբար Վանգ Հաոյի, Վանգ Լուեի և Լի Չաոյի հետ, իսկ 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 45 քայլում առավելության հասավ Յու Յանգի նկատմամբ ու հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին: