Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է հաջորդ շաբաթվանից մայրաքաղաքում անցագրային ռեժիմ մտցնելու մասին, հաղորդվում է քաղաքապետի կայքում:
Քաղաքապետն անցագրային ռեժիմի ներդրումն «անխուսափելի լրացուցիչ սահմանափակում և անհարմարություն» է անվանել:
Նա նաև նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մայրաքաղաքի և տարածաշրջանի ոչ բոլոր բնակիչներն են պահպանում ինքնամեկուսացման սահմանված կանոնները:
Քաղաքապետը նշել է, որ անցագրային համակարգը կներդրվի երեք փուլով՝ նախ աշխատավայր մեկնելու, հետո այլ նպատակներով դուրս գալու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման համար:
«Անցագրային համակարգը դեկլարատիվ բնույթ կունենա: Բայց քաղաքային իշխանություններին իրավունք է վերապահվում ստուգելու տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը»,- շեշտել է Սոբյանինը:
Նա հավելել է, որ յուրաքանչյուր փուլի ներդրման ժամկետները հստակեցվելու են առանձին: