Մարդը սոցիալական արարած է, և նրա համար շփումները կենսական անհարժեշտություն են, իսկ արվեստագետի համար՝ կրկնակի անհրաժեշտություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է տանում պարտադիր ինքնամեկուսացումը, երգիչ-երգահան Վահագ Ռաշը նշեց, որ այնքան էլ լավ չէ ինքնամեկուսացումը, քանի որ ինքն օրական առնվազն 30-40 մարդու հետ էր շփվում, իսկ այժմ շփվում է միայն ընտանիքի անդամների, այգու ծառերի հետ և փորձում է ֆեյսբուքյան լայվերի միջոցով շփվել նաև այլոց հետ:
Վահագ Ռաշի դիտարկմամբ՝ տեղեկատվական դաշտը և հայտնի անձինք մեծ ազդեցություն ունեն հասարակական տրամադրությունների վրա. «Նրանց տրամադրությունները վարակիչ են, փոխանցվում են հանրությանը: Խուճապ չտարածելն ամենաճիշտ բանն է: Հնարավորինս պետք է զգոն լինենք և գիտակցենք, որ այս վիրուսն այնքան էլ վախենալու չէ, ուշ թե շուտ մի օր բոլորս էլ վարակվելու ենք, գոնե լինի այնպես, որ առողջապահության համակարգը կարողանա սպասարկել»:
«Որպես ազգ, ունենք հավաքական դիմադրողականություն, մենք երկրաշարժ ենք տեսել, պատերազմ ենք տեսել, այսինքն՝ դանակը ոսկորին հասած ժամանակ լավ համախմբվում ենք և պայքարում: Եվ հիմա, երբ երկար ժամանակ հնարավորություն չենք ունենալու աշխարհի հետ շփվելու, պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, որ մեր երկիրը կարողանա ինքնաբավ լինել և գոյատևել սեփական ռեսուրսներով»,- նշեց Վահագ Ռաշը:
Մանրամասն՝ տեսանյութում: