Լուրեր
Տեր-Պետրոսյանի տեքստերում պետք չէ դավադրություն փնտրել. նրա կոչը որոշների մոտ հոգեխանգարմունք առաջացրեց

Համավարակի պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել Հայաստանի առաջին նախագահը: Ենթադրվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին առաջինը կարձագանքեն հենց այն շրջանակները, որոնց քաղաքական վարքագծին նախկին նախագահը կոշտ գնահատական է տվել: Հոդվածում կան նաև ուշագրավ առաջարկներ՝ ուղղված կառավարությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և վերլուծաբան Մհեր Ղալեչյանը:

Ինչու հիմա և ինչու այս տոնայնությամբ հանդես եկավ Լ. Տեր-Պետրոսյանը: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակային ուղերձը պայմանավորված է նախևառաջ իր վերաբերմունքով այն իրավիճակին, որը ստեղծվել է Հայաստանում. «Նա առաջարկում է մի բանաձև, և, ըստ իր պատկերացման, եթե դրանով առաջնորդվեն հասցեատերերը, դրանից կշահի պետությունը: Ես համարում եմ, որ Լ. Տեր Պետրոսյանը իր հրապարակային գործունեության մեջ բացառապես Հայաստանի պետական շահով առաջնորդվող գործիչ է, այլ հարց է, թե այդ «ռեցեպտը» որքանով տեղ կհասնի հասցեատերերին: Այս պահին Լ. Տեր Պետրոսյանի ուղերձներն իրականություն դառնալու հնարավորություն չունեն»:

Մհեր Ղալեչյանի դիտարկմամբ՝ առաջին նախագահի հոդվածի արձագանքները չափազանց հիվանդագին էին, բայց հոդվածում երկրի իրավիճակով մտահոգ մարդու ուղերձներ են. «Մինչդեռ դրանում դավադրական, աշխարհաքաղական ենթատեքստեր են տեսել արձագանքողները. միգուցե Տեր-Պետրոսյանն իսկապես յուրահատուկ տաղանդ ունի հեռավորության վրա հոգեխանգարմունք առաջացնել այդ մարդկանց մոտ: Տեր-Պետրոսյանը ճիշտ նկատառումներ է ներկայացրել, ցավոք ռացիոնալ արձագանքները քիչ են:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանի տեքստերում չպետք է դավադրություններ փնտրել, տեքստը պետք է կարդալ այնպես, ինչպես կա. «Տեր-Պետրոսյանը կարող է ինչ-որ մարդկանց մոտ, որոնք հակում ունեն շեղումների, հոգեխանգարմունք առաջացնել, բայց այդպիսի մարդիկ իրենք են նման բաներ փնտրում: Այս հոդվածում կան հստակ հասցեատերեր, և ամեն հասցեատեր պետք է ընկալի հենց այն, ինչ իրեն հասցեագրված է:

Տեր-Պետրոսյանը խոսում է այն ժամանակ, երբ որ Հայաստանի աչքի վերևն ունք կա, և նա ցույց է տալիս, որ Հայաստանը տեր ունի, այդ տերը մենք ենք, և ինքն էլ, որպես մեզնից մեկը, որպես այս շինարարության գլխավոր ճարտարապետը՝ սկզբից, միշտ զգուշության և համախմբման կոչ է արել և փորձել անվտանգությունն ապահովել: Եթե ընդունում ենք, որ այս իրավիճակն էլ «պատերազմ է», պետք է մեր վարքագիծը փոխենք. այսօր առողջապահության նախարարը առաջին ֆրոնտի «գեներալ» է, բայց ինչպե՞ս են վարվում նրա հետ, ինչպե՞ս են վարվում պարետի հետ: Չի կարելի մարտնչող գեներալի թիկունքից ռումբ գցել կամ դանակահարել: Այս ծանր լուծը քաշող մարդկանց աշխատանքը պետք է գնահատվի ըստ արժանվույն… Մենք պետք է կուռ մարմին դառնանք, և թույլ չտանք, որ իշխանությանն ասեն՝ աչքիդ վերևն ունք կա»:

Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ենթարկվել առողջապահության նախարարի և պարետի հորդորներին և առաջարկում է դադարեցնել մամուլի հարձակումներն իշխանության վրա, ինչպես նաև առաջարկում է փակել Արցախի ընտրությունների թեման և զբաղվել կորոնավիրուսի վտանգը վերացնելով:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *