Լուրեր
Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է շահագործման
  • 13:27
  • 2020-04-08
  • Դիտումներ՝ *

Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի  արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նախ նշեց, որ իրենց կոչից հետո իսկապես շատ լավ արձագանքներ են եղել, 280-ից ավելի նամակներ են ստացվել էլեկտրոնային հասցեին: «Դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին օրերի ընթացքում, և կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում կամ որևէ մեկի տանը, կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը:

Նախարարությունը նաև տասնյակ նամակներ է ստացել ԱՄՆ-ի, Լիբանանի, Ռուսաստանի, Գերմանիայի մեր հայրենակիցներից: Նրանք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել հայաստանցի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվություն տալու համար:

 

 

 

  • Դիտումներ՝ *