Լուրեր
Հայաստանը պետք է դնի գազային խայտառակ պայմանագրի վերանայման հարցը

Երեկ ՀՀ վարչապետ-քաղաքացի հարցուպատասխանին նախորդել էր հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև: Պաշտոնական հաղորդագրություններում դոմինանտ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարի թեման, բայց մեզ համար կենսական նշանակության հարց է նաև այն, թե այդ հեռախոսազրույցում ինչ բովանդակությամբ զրույց է կայացել Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Գոռ Մադոյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ գազի գնի մասին որոշումը միշտ եղել է քաղաքական: «Եվ դա միայն Հայաստանի հարցում չէ, Ռուսաստանի համար գազի հարցն ընդհանրապես քաղաքական է, և այս դեպքում էլ պետք է քաղաքական որոշում կայացվի: Պետք է նկատել, որ Հայաստանն էլ քաղաքական շեշտադրումներով է դնում հարցը:

Վարչապետը քաղաքացիների հետ հանդիպմանը ակնարկեց, որ ակնկալվում է Պուտինի միջամտությունն այս հարցում, նաև հավելեց, որ Հայաստանի հանրության և կառավարության համար ընկալելի չի կարող լինել գազի գնի թանկացումը: Պաշտոնական Երևանի հայտարարությունների տողատակերում տեսնում եմ գազի գնի պայմանագրի վերանայման պատրաստակամությունը: Այս ծանր իրավիճակում Հայաստանի հանդեպ եթե կայացվի քաղաքական բացասական որոշում, ապա Հայաստանն էլ իր քաղաքական արձագանքը պետք է ցույց տա, այլապես կմնա գազային մահակի ծուղակում: Պետք է քայլեր անել այդ ծուղակը հաղթահարելու համար, պետք է դրվի գազային պայմանագիրը վերանայելու հարցը, որը խայտառակ պայմանագիր է և կնքվել է Հայաստանի համար ամոթալի մի շրջանում՝ 2013-ին»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համաճարակն է խթանել այս պրոցեսը, Գոռ Մադոյանը նշեց, որ տնտեսական բաղադրիչն, իհարկե, չափազանց կարևոր է, բայց ընդհանուր քաղաքական իրավիճակը միտված է այս պրոցեսն արագացնելուն: «ԵԱՏՄ բոլոր անդամների համար պետք է հասկանալի պայմաններ լինեն տնտեսական գործունեության համար»,- ընդգծեց վերլուծաբանը:

Վիկտոր Ենգիբարյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսային համաճարակը ցույց տվեց միջազգային կառույցների թուլությունը և դրանց կենսունակության բացակայությունը: «Բայց ԵԱՏՄ-ի առումով կան վարքագծի դրական փոփոխություններ… Հույս ունենք, որ գազի գնի շուրջ բանակցությունները կբխեն ԵԱՏՄ-ի կենսունակության տրամաբանությունից: Մեր ռուս գործընկերները կարող են ցույց տալ, որ որպես տնտեսական կառույց ԵԱՏՄ-ն կարող է լինել կենսունակ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *