Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են օգտագործել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքը՝ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման բժշկական կենտրոն կազմակերպելու և բժշկական խորհրդատվություններ անցկացնելու համար՝ հայտնում է Franceinfo ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Եվրոպական հարցերով և արտաքին գործերի պետքարտուղարի Ամելի դե Մոնշալենի հայտարարությունը:
«Նման որոշում կկայացվի առաջիկա օրերին», – ասել է պետքարտուղարը:
Ըստ նրա՝ նման միջոցառումները կարող են իրականացվել նաև ԵՄ խորհրդարանների այլ ներկայացուցչություններում, մասնավորապես Լյուքսեմբուրգում: Շենքը հանձնելու որոշումը կայացվել է ԵՄ ղեկավարության կողմից՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի և Ստորին Ռեյնի բաժանմունքի պրեֆեկտուրայի հետ միասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում ավելի քան 98 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, զոհվել է մոտ 8 հազար մարդ: