Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցրել, որն առաջարկել էր «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցությունը։ Ընտրական օրենսգրքի այս ուղղումով թույլ է տրվում հանրապետության նախագահի ապրիլի 10-ին նշանակված ընտրություններն անցկացնել փոստի միջոցով, հաղորդում է Gazeta Wyborcza պարբերականը։
Օրինագծի հեղինակների կարծիքով՝ հեռակա քվեարկությունը անհրաժեշտ միջոց է, որպեսզի չվտանգվի քաղաքացիների առողջությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ և միևնույն ժամանակ չհետաձգվեն ընտրությունները։ Օրենսգրքում ուղղում և փոփոխություն անելուն դեմ են հանդես եկել ընդդիմության ներկայացուցիչները և իշխող կուսակցությունից խորհրդարանականների մի մասը՝ փոխվարչապետ Յարոսլավ Գովինի գլխավորությամբ։ Արդյունքում նախաձեռնությանը կողմ է քվեարկել Սեյմի 230 անդամ և դեմ են եղել՝ 227-ը։
Պարբերականի տվյալներով, ներկայումս իշխող կուսակցությունը մտավախություն ունի, որ Լեհաստանի Սենատը չի հասցնի հաստատել ուղղումը։ Դրա ուսումնասիրման համար 30 օր է տրվում, իսկ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթվա վերջին։