
80 միլիոնանոց Իրանում այսօր կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 60.500-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 136 մարդ, ընդհանուր մահացությունների թիվը հասցնելով 3.739-ի: Մինչ այս պահը բուժվել և դուրս է գրվել վարակվածներից 24.236-ը: Այս պահին վերակենդանացման բաժիններում բուժում ստացող հիվանդներից 4.083-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 13 իրանահայ է մահացել կորոնավիրուսից, հինգը՝ կին, ութը՝ տղամարդ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Իրանահայերը ցանկանում են տեղափոխվել Հայաստան, բայց հիմա վերադառնալը, Քեշիշյանի խոսքերով՝ սխալ է, քանի որ չի բացառվում կորոնավիրուսով վարակվածներ էլ լինեն:
«Երկու կողմն էլ գրեթե նույն պայմաններում են, թեև Հայաստանը կարողանում է վերահսկել, որոշ խիստ պայմաններ թելադրել, բայց այն մարդիկ, որոնք պետք է տեղաշարժվեն Իրանից Հայաստան, ուզեն թե ոչ, պետք է մեկուսանան, որովհետև Իրանը համարվում է այն կենտրոններից, որտեղ իրավիճակը համարվում է բավական ծանր»,-ասաց Քեշիշյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը ճիշտ քայլեր ժամանակին կարողացավ իրականացնել վարակի տարածումը մեղմելու համար։
«Իսկ Թուրքիան, որ մինչև վերջերս ընդհանրապես հերքում էր իր երկրում տեղի ունեցածը, տեսանք, որ լրիվ այլ պատկեր ունեն: Այսօր արդեն 550-ից ավելի զոհեր ունեն: Նույն պատկերն է նաև այլ հարևան երկրներում, որոնք այդպիսի վիճակ են ունեցել: Ադրբեջանն էլ հերքում էր, կամ այլ երկրները: Այդուհանդերձ, բարեբախտաբար, կարելի է ասել, որ Հայաստանը ժամանակին կողմնորոշվեց, ժամանակին կարողացավ քայլեր ձեռնարկել, այդ մոտեցումը շատ ողջունելի է: Դա գուցե նաև բարի նախանձ է առաջացնում մեր կողմից հայաստանցի հայրենակիցների նկատմամբ»,- ընդգծեց Քեշիշյանը:
Հարցին, թե այս պահին իրանահայերի հոսք դեպի Հայաստան չի՞ նախատեսվում, նա պատասխանեց. «Չէ, չի նախատեսվում: Իհարկե, կան նաև տեղաշարժի դժվարություններ, բայց այն իրանահայերը, որոնք ունեն երկքաղաքացիություն, նրանք հանգիստ կարող են մտնել Հայաստան: Բայց, այնուամենայնիվ, նման պատկեր չկա:
Ցավոք, մեր փոքր համայնքում այս պահին ունենք 13 մահ, այսինքն՝ Հայաստանում մահերի մոտ կրկնակին: Սա իսկապես մեծ թիվ է փոքր համայնքի համար: Մեր համայնքի 13 մահերի թիվը չի կարելի համեմատել Հայաստանի 8 մահի հետ: Մարդկային տեղաշարժերը վտանգավոր կարող են լինել նաև Հայաստանի համար: Այն երկրներում, որտեղ վտանգը կա, ավելի լավ կլինի՝ այնտեղ գտնվողներին չտեղաշարժվել դեպի Հայաստան, որպեսզի չօգնեն հիվանդության տարածմանը: Թող սպասեն՝ մինչև դրական տեղաշարժ լինի: Ես խորհուրդ չէի տա, որ այսօր նման քայլի գնան»: