Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազի գնի բարձրացման թեմային։ Նա Պուտինին ասել է` հուսով է, որ այդ թեմայի շուրջ կգան ընդհանուր հայտարարի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտի շուրջ ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը։ Նա Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում անդրադարձավ ընկերության` գազի գնի բարձրացման հայտին։
«Այսօր ես զրուցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և անդրադարձել նաև այս խնդրին։ Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակը` ակնկալում եմ, որ այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի նախկին կառավարության համար գազի գինը մշտապես կամ հաճախ եղել է քաղաքական մանիպուլյացիաների առարկա։ Ըստ վարչապետի` որքան էլ տարօրինակ թվա, նախկին իշխանությունը գազի գինը քաղաքական նկատառումներով է օգտագործել` հաշվի չառնելով գազային համակարգի` զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը։ Գազի գնի հետ կապված ներկայիս վիճակը, ըստ նրա, նախորդ կառավարության անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է։