Օր օրի ահագնացող պանդեմիայի հետևանքով համաշխարհային ֆուտբոլում խորը ճգնաժամ է հասունանում։ Եվրոպական բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկացման մասին։ Գրանդ ակումբներն իրենց հերթին ֆուտբոլիստների հետ համաձայնության գալով զգալիորեն նվազացրել են աշխատավարձը մի քանի ամիս ժամանակ շահելու նպատակով։ Ազգային առաջնությունների դադարեցման հետևանքով ակումբները զրկվել են եկամուտից և դեռևս հայտնի չէ թե երբ կվերականգնվեն ֆինանսական հոսքերը։ Եվրոպական բարձրակարգ թիմերի եկամուտի հիմնական աղբյուրներն են հանդիպումների հեռուստահեռարձակումներից, տոմսերի վաճառքից, գովազդներից ինչպես նաև մարզաշապիկների և ակումբի այլ ատրիբուտների վաճառքից գոյացած գումարները։ Այս գործընթացները վերջին շրջանում հասել են 0-ական վիճակի։ Եթե հունիսին ազգային առաջնությունները չվեսկսվեն ապա սնանկ կճանաչվեն նաև եվրոպական գրանդ ակումբները։
Կարծում ենք պարզ է, որ աշխարհի շատ երկրներում հասատատված կարանտինի ավարտից հետո կունենանք նոր ֆուտբոլը, որը մի շարք գործոններով կտարբերվի նախկինից։ Ինչևէ, իսկ ինչ ազդեցություն կարող է թողնել ստեղծված իրավիճակը հայկական ֆուտբոլի և մասնավորապես հայկական ակումբների վրա։ Հայաստանի առաջնության հանդիպումները ներկա են գտնվում մի քանի տասնյակ, լավագույն դեպքում մի քանի հարյուր հանդիսականներ։ Հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները ևս լսարան չունեն։ Ատրիբուտների վաճառքից գոյացած միջոցների մասին խոսելն էլ ավելորդ է։ Ի տարբերություն եվրոպական բարձր և միջին մակարդակի ակումբների մեր թիմերը իրենց գոյությունը պահպանում են բացառապես սեփականատերերի շնորհիվ։ Ավելի ստույգ ունենք մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք ֆուտբոլի սիրահար են առանց եկամուտի ակնկալիքի ներդրումներ են կատարում և կոպիտ ասած պահում հարյուրավոր ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների։ Նշենք նաև, որ հայկական թիմերի հանդես եկող ֆուտբոլիստների զգալի մասը լեգեոներներ են։ Այսինքն ակումբների սեփականատերերը հոգում են նաև դրսի հրավիրված խաղացողների կացության ծախսերը։
Բնական է, որ պանդեմիայի հետևանքով նյութական կորուստներ կկրեն նաև ակումբների սեփականատերերը, ինչի հետևանքով էլ ծանր հարված կստանան նաև թիմերը։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայկական ակումբներին։ Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ բաշխելու վերաբերյալ:Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել էր, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո:
Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում էր կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը: Սա որոշ չափով կթեթևացնի ակումբների հոգսերը, սակայն ինչ կլինի հետո՞։ Ֆուտբոլասերների շրջանում արդեն իսկ խոսվում է մի քանի ակումբների լուծարման վտանգի առաջ կանգնելու մասին։ Իրավիճակի վերաբերյալ մեր թիմերը դեռևս հայտարարություններ չեն արել։ Ամեն դեպքում կա մտավախություն, որ ամիսներ անց հայկական ֆուտբոլում ֆուտբոլիստների հոսքեր և վերադասավորումներ կսկվեն։ ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները նախօրեին քննարկել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները:
Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից: