Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը: Այս մասին հայտարարել է երկրի քաղավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուեն: Նա նշել է, որ միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը:
Նա կարևոր է համարում միջազգային թռիչքների որոշ չափով պահպանումը, քանի որ երկրից դուրս մեծ թվով չինացիներ են գտնվում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտերկրում գտնվող բազմաթիվ չինացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք:
Թեպետ դա ստեղծում է բարդություններ Չինաստանի իշխանությունների համար, որոնք կարողացան երկրի ներսում հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանում վերջին շրջանում գրանցում են միայն կորոնավիրուսի ներթափանցման դեպքեր: