«Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը, և մեր հրամանատարական կազմն ու ժամկետային զինծառայողներն ամեն ինչ անում են՝ էլ ավելի զգոնությունը բարձրացնելով, որպեսզի հակառակորդի սադրանքներից զերծ մնանք»,- քվեարկելուց հետո ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում են ծառայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, այդ զորամասում էր մահացել մի զինծառայող։ Հարցին՝ ի՞նչ է անում հրամանատարությունը, որ բանակում խաղաղ պայմաններում զոհեր չլինեն, Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերով հարուցված են քրեական գործեր։ Իրավապահները աշխատում են, և համոզված եղեք՝ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման իրավիճակի, պատժվելու են և դուք տեղյակ եք լինելու։ Ի՞նչ ենք անում․ էսօր նախանշված են միջոցառումներ, որոնք պետք է կանխարգելեն նմանատիպ դեպքերը։ Հստակ կան խնդիրներ, և վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է»։