Լոնդոնից մեր հայրենակից Զեփյուռ Բատիկյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար, և ինչպես է դրանց արձագանքում հասարակությունը:
Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունում բավականին մեծ հատված վարակված է, այդ թվում նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը և արքայազն Չարլզը:
«Ինչպես բոլոր երկրներում, մենք էլ ենք մեկուսացման մեջ, սակայն այստեղ կան այգիներ, կանաչ տարածքներ, որտեղ մարդիկ կարող են զբոսնել՝ իհարկե պահպանելով սոցիալական հեռավորությունը. Կառավարությունը գիտակցում է, որ պետք է մտածել մարդկանց և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության մասին, քանի որ դուրս գալն ամբողջովին արգելելը կարող է ունենալ իր բացասական հետևանքները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի կառավարության ցուցաբերած քայլերին, Զեփյուռ Բատիկյանը նշեց, որ դրանք տարբերվում էին եվրոպական այլ երկրների կառավարությունների քայլերից և սկզբնական շրջանում կտրուկ չէին. «Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը, տեսնելով, որ այլ երկրներում այլ քաղաքականություն է իրականացվում, նույնպես որոշեց հետևել եվրոպական մոդելին և խստացնել տեղաշարժն ու շփումները մարդկանց միջև»:
Անդրադառնալով հասարակության արձագանքին՝ նա ասաց, որ սկզբում հասարակությունը մեծ խուճապի է մատնվել, խանութները դատարկվել են. «Այնուամենայնիվ, մարդիկ հանգստացել են, և խանութներից այժմ կարելի է որևէ բան գնել»:
Մանրամասն՝ տեսանյութում: