ԱՄՆ իշխանությունները մարդկանց տեղաշարժի մասին տեղեկատվություն են հավաքում նրանց սմարթֆոններից, որպեսզի կանխարգելեն նոր տիպի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը` հղում անելով աղբյուրներին:
Տվյալներն օգտագործվում են երկրի ավելի քան 500 քաղաքներում մարդկանց տեղաշարժի վերլուծության և դաշնային ու տեղական իշխանությունների համար մարդկանց գտնվելու վերաբերյալ տեղեկատվական պորտալ ստեղծելու նպատակով: Ենթադրվում է, որ այդ միջոցը կօգնի նրանց կանխագուշակել COVID-19-ի հետագա տարածման սցենարները և միջոցառումներ ձեռնարկել ինֆեկցիայի դեմ պայքարում:
Պարբերականը նշում է, որ իշխանությունները հասանելիություն են ստանում մարդկանց գտնվելու վայրի տվյալների նկատմամբ, սակայն անուններն ու հեռախոսահամարները չեն տրամադրվում: Ամերիկյան իշխանություններին տեղեկատվությունը տրամադրում են գովազդատուները, ոչ թե բջջային կապի օպերատորները:
Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով` ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 120 հազար մարդը, նրանցից ավելի քան 2 հազարը մահացել են: