Վրաստանի կառավարության և չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության միջև կնքված պայմանագիրը խզվել է։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Խոսքը կորոնավիրուսային վարակը որոշելու արագ թեստերի մասին է: Վրաստանը ծրագրում էր ձեռք բերել 215 հազար թեստ: Պայմանագրի արժեքը գերազանցել է մեկ միլիոն դոլարը:
Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանը ներկայումս բանակցություններ է վարում մեկ այլ ընկերության հետ: Երկիր կներմուծվի 2 հազար թեստ՝ որպես փորձնական խմբաքանակ, որոնց արդյունքները կրկնակի ստուգվելու են Լուգարի լաբորատորիայում: «Եթե թեստերի հուսալիությունը հաստատվի, մենք լրացուցիչ քանակ կգնենք»,- ասել է նախարարը: