Բավականաչափ հետևողներ կան պարետատան ցուցումներին և կարծում եմ՝ գնալով մեր բնակչությունը գալով ավելի շատ կգիտակցի և խստագույնս կպահպանի այդ կանոնները, որովհետև այս պահին անհրաժեշտ է զգոնություն, բավականին լուրջ և պատասխանատու վերաբերվել այս իրավիճակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Հանրությունը խստագույնս պետք է կատարի պարետի և առողջապահության նախարարության ցուցումները»,-ասաց նա:
Հարցին, թե կորոնավիրուսով վարակման աճի տեմպերը որքանո՞վ են մտահոգիչ, Զեյնալյանը պատասխանեց. «Այստեղ ամենակարևորն այն է, որ կառավարելի լինի բուժհաստատություններ հիվանդների հոսքը, որ բուժհաստատությունները և բժիշկները կարողանան պատշաճ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր դիմողի: Յուրաքանչյուր անձ, երբ որևէ գանգատ է ունենում, դիմում է բուժհաստատություն: Բնականաբար, նրանց մեծ մասի մոտ հերքվում է, նույնիսկ թեստ անելու անհրաժեշտություն չի լինում: Իսկ ում մոտ գանգատները նման են, տիպիկ են, նրանց կամ թեստավորում են, կամ միանգամից մեկուսացվում են»: