Արցախի նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ը դադարեցրել է Արցախին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը: Այս թեմայի շուրջ օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ: Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որը ավանդաբար ուղղվում էր ականազերծման աշխատանքներին: Նման աջակցություն ԱՄՆ-ը Արցախին հատկացնում էր 1990-ականների սկզբից ի վեր, արդեն շուրջ երեք տասնամյակ: Եվ այդ աջակցությունը չէր դադարել որևէ պարագայում՝ ոչ կախված Հայաստանում քաղաքական վայրիվերումների ու ոչ էլ, առավել ևս, ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքի արդյունքում: Եվ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ հատկապես հիմա, երբ Հայաստանում հաստատված է ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն, իսկ ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքը նույնն է, ինչ նախկինում: