Ֆրանսիացի բժիշկները մտադիր են մոտ երկու շաբաթվա ընթացքում վերջնականապես պարզել, արդյոք քլորոքին դեղամիջոցը, որն օգտագործվում է մալարիայի բուժման համար, արդյունավետ է նաև Covid-19 կորոնավիրուսի դեմ, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:
«Մենք անում ենք ամենը՝ պարզելու համար, արդյոք դա արդյունավետ է: Եթե արդյունավետ է, ապա Ֆրանսիայում այս դեղամիջոցն անմիջապես հասանելի կդառնա հիվանդների համար: Մենք առաջիկա 15 օրվա ընթացքում կունենանք ուսումնասիրության մանրամասն արդյունքները»,- ասել է նա ֆրանսիական հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ, մարտի սկզբին, կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժելու համար քլորոքին օգտագործելու մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ներկայումս Միացյալ նահանգներում փորձարկում են նման բուժման արդյունավետությունը:
Թրամփը նշել է, որ ավելի լավ կլինի, եթե կորոնավիրուսի բուժման համար հնարավոր լինի օգտագործել արդեն գոյություն ունեցող դեղամիջոցներից: Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն բուժել հիվանդներին՝ չսպասելով հատուկ COVID-19-ի բուժման համար մշակվող դեղամիջոցների փորձարկման ավարտին: