Հիշեցնենք, որ երեկ հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:  Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը: Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, վերջիններս հոգեբանական օգնություն էին ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը: