«Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից ստեղծվել է համաճարակի դեմ և նրա կանխարգելման դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները ներգրավված են։ Հայաստանի Հանրապետության կողմից որպես նախարար նշանակված Գեղամ Վարդանյանը ևս հանձնաժողովի մեջ է և եթե չեմ սխալվում, գյուղատնտեսության ոլորտն է համակարգում։ Մշակված է արդեն պլանը։ Իհարկե, այս ամենը պետք է շատ արագ կատարվեր և տեղեկատվությունը շատ արագ տարածվեր։ Այդ պատճառով էլ մարդիկ պակաս տեղեկացված են և չգիտեն, թե կոնկրետ ինչ է արվում։ Ծրագիր կա, բայց դրա իրականացման կոնկրետությունը և արված ու արվելիք քայլերը պետք է ներկայացվեն։ Եվ ոչ թե, օրինակ, շաբաթական, այլ ամեն օր պետք է ներկայացվի, թե ինչ է արվում։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրները միասնաբար պայմանավորվեցին զրո տոկոս մաքսատուրքով երրորդ երկրներից դեղորայք և բժշկական սարքավորումներ ներկրելու շուրջ։ Ես կարծում եմ՝ ընթացքում ապրանքների ցանկը կընդլայնվի, որովհետև այստեղ շուկան պաշտպանելու հարցը չէ. մենք մարդկանց կյանքը փրկելու խնդիր ունենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։