Շվեդական IKEA ընկերությունը փակում է խանութներն ամբողջ աշխարհում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ingka-ի (IKEA-ի մայր ընկերություն) հայտարարությանը հղումով:
Անորոշ ժամկետով խանութները կփակվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Դանիայում և Հնդկաստանում: Բացի այդ, խանութները հաճախորդների համար հասանելի չեն լինի Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում, Սլովակիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում: Սակայն, այս երկրներում փակման ժամկետները նշվում են: Օրինակ, Շվեյցարիայում դրանք կբացվեն միայն ապրիլի 19-ին:
Միևնույն ժամանակ, Հունգարիայում խանութները կգործեն կարճված գրաֆիկով: Իսկ Չինաստանում դրանք աստիճանաբար վերսկսում են աշխատանքը: Ընկերության տվյալներով, Չինաստանում դեռևս փակ է միայն Ուհանուն գտնվող խանութը:
Այնուամենայնիվ, երկրների մեծամասնությունում հնարավոր է կատարել առցանց գնումներ: