Ըստ պաշտոնական տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցում է 200 հազարը: Չինաստանում համաճարակի անկում է նկատվում, վարակված անձանց ամենամեծ աճը նկատվում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում: Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցեց 400-ը. մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 3000-ի:
«Առաջին լրատվական»-ը տեսակապ է հաստատել Իտալիայում բնակվող մեր հայրենակիցերի՝ Սարգիս և Հակոբ Մարտիրոսյանների, Գրետա Հարությունյանի հետ, ովքեր Բոլոնյայում են:
«Երբ վարակը նոր էր տարածվում, մենք Վենետիկում էինք, ամբողջ օրը դրսում էինք, ազատ տեղաշարժվում ու շփվում էինք , բոլոր հաստատությունները բաց էին, բայց վարակը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել, և սկսեցին խիստ միջոցներ ձեռնարկել: Մենք եկանք Բոլոնյա՝ տղայիս մոտ, որտեղ վարակը քիչ է տարածված: Ինքնամեկուսացած ենք, տնից դուրս չենք գալիս: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում քիչ ժամանակով դուրս ենք գալիս գնումներ կատարելու»,- պատմեց Գրետա Հարությունյանը:
«Մեր քաղաքացիները ըմբռնումով են մոտենում իրավիճակին, հասկանում են, որ յուրաքանչյուրի սխալ քայլի պատճառով կարող է վիրուսը տարածվել, համբերատար սպասում ենք… Իտալացիներից շատերը չէին ենթարկվում, բայց վերջին 2-3 օրերին սկսել են համագործակցել պետության հետ՝ հասկանալով, որ վտանգն, իրոք, մեծ է»,- նշեց Իտալիայում բնակվող մեր հայրենակիցը:
«Պետք է համախմբված լինել»,- կոչ են անում մեր հայրենակիցները՝ ընդգծելով, որ կարևոր է յուրաքանչյուրի սոցիալական վարքը:
Մանրամասն՝ տեսանյութում: