Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակված բոլոր ուսումնական հաստատություններում կիրականացվի ախտահանում։
Մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել և առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Սա առիթ է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, և սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակից հետո լիարժեք պատրաստ լինեն դասապրոցեսին»,- նշեց Հարությունյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից: